Հայաստան իր այցի երկրորդ օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապին, վերջապես, հաջողվեց տեսնել սքանչելի Արարատ լեռը: Այդ մասին այսօր Գյումրիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
Նա նշել է, որ նախօրեին Պապը շատ է ցանկացել տեսնել բիբլիական լեռը, սակայն եղանակային պայմանների պատճառով չի հաջողվել դա անել: ՙԱյս առովոտ մենք կարողացել ենք տեսնել սքանչելի Արարատ լեռը: Այս պատմական պահին այն նույնպես խորհրդանշական էր՚,- ասել է նա: Ըստ որում, Ֆեդերիկո Լոմբարդին նշել է, որ Պապի համար շատ հաճելի է առնչվել հայ ժողովրդի պատմությանը և մշակութային արժեքներին:
Ըստ որում, Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավարն աննախադեպ է համարել է Գյումրիի պատարագին 23 հազար մարդու մասնակցությունը: Լոմբարդին նշել է, որ Գյումրի Պապի այցելության ընթացքում ևս մեկ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. Ֆրանցիսկոսը Գարեգին Երկրորդին հրավիրել է իր պապոմոբիլով շրջել հրապարակով:
Նախօրեին պատասխանելով այն հարցին, թե ինչու է Պապը շրջել համեստ ՙՌենո՚ ավտոմեքենայով՝ Լոմբարդին նշել է, որ Ֆրանցիսկոսը հայտնի է իր համեստությամբ և հասարակ կենցաղով: ՙՀնարավոր է, որոշ մարդիկ իրենց ուժն ու մեծությունը ցույց են տալիս մեծ ավտոմեքենաներով, սակայն նա ցանկանում է ապրել ինչպես բոլոր հասարակ մարդիկ, նրանցից մեկը լինել՚,- նշել է նա: Ըստ որում, Լոմբարդին ավելացրել է, որ տեղի են ունեցել ծիծաղելի պատմություններ, երբ Պապի համեստ ավտոմեքենային ուղեկցել են պահակախմբի վիթխարի ավտոմեքենաները: ՙՆման դեպքերում Պապին պետք է փնտրել ամենահամեստ և փոքր մեքենայում՚,- ընդգծել է Լոմբարդին: