ՀՀ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիայի ցրումը Հայաստանի իշխանությունների հերթական խուլիգանությունն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Մասնավորապես, պատգամավորը հայտարարել է, որ բերման է ենթարկվել ՙՈչ՚ շարժման 18 ակտիվիստ, այդ թվում՝ շարժման համակարգողներ Արշակ Մուսախանյանը և Ավետիս Ավագյանը: ՙՍա խուլիգանություն է, ինչը վկայում է
կյանքի և մահու կռվի սկսման մասին՚,- հայտարարել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը գտնում է, որ իշխանություններն այդ ՙպատերազմում՚ հաղթելու շանսեր չունեն:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր հերթին նշել է, որ ակտիվիստների հետ միասին բերման է ենթարկվել նաև ինքը, և մի քանի րոպե գտնվել ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենայում: ՙՉորս ոստիկաններ խցկել են ինձ մեքենան, ինչից հետո համոզել, որ դուրս գամ մեքենայից՚,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ դա դիտավորյալ է արվել: Մանուկյանը գտնում է, որ ոստիկանները չէին կարող չճանաչել իրեն: ՙՍկսվել է պայքարի նոր փուլ, սակայն՝ արդեն ոչ թե խորհրդարանում, այլ փողոցում՚,- հայտարարել է նա: Ըստ որում, պատգամավորը նշել է, որ բարեփոխումները հասարակական աջակցություն չեն վայելում, հետևաբար՝ դատապարտված են ձախողման: ՙԴրա վկայությունը կառավարող ռեժիմի ագրեսիան է բարեփոխումների բոլոր հակառակորդների նկատմամբ՚,- նշել է նա:
Նշենք, որ Ազգային ժողովի շենքի առջև «Ոչ» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Չնայած դրան՝ րոպեներ առաջ ՀՀ խորհրդարանը 104 ՙկողմ՚ ձայնով ընդունել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Սահմանադրական հանրաքվեն, որը նախատեսում է Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական կարգի, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ընթացքում արձակուրդ կվերցնի: