Հուլիսի գլխավոր նորությունը Հայաստանի շրջանցմամբ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Հնդկաստանի երկաթուղիները միավորող ՙՀյուսիս-Հարավ միջանցքի՚ նախագծի իրականացման վերաբերյալ արձանագրության ստորագրումն էր, գտնում է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը The JamesTown Foundation-ում իր հոդվածում:
Նրա խոսքով, միջանցքը խորքային հետևանքներ կունենա նոր ուղեգծի երկայնքով ծգվող տարածքների և երկրների համար: ՙՍակայն, նոր ուղեգիծը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա, ով այդ համաձայնագրի մասնակից չէ՚,- գրում է նա:
Վերլուծաբանի կարծիքով, ստորագրված փաստաուղթը մատնանշում է Բաքվի համաձայնությունը ստանալու Մոսկվայի ջանքերը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ առաջարկելով նաև ադրբեջանցի զինվորականների ռազմական պատրաստություն ռուսաստանյան բուհերում:
ՙԲացի այդ, նախանշաններ կան այն բանի, որ Ռուսաստանի իշխանությունն այժմ պատրաստ է ավելի ուժեղ ճնշում գործադրել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում՝ ստիպելով Հայաստանին դուրս բերել իր զորքերը Ղարաբաղի շրջակա հինգ շրջաններից, իսկ հետո արդեն բանակցություններ վարել վերջինիս կարգավիճակի որոշման շուրջ՚,- գտնում է վերլուծաբանը:
Նրա խոսքով, հուլիսյան համաձայնագիրը ցույց է տալիս նաև, որ Մոսկվան կորցրել է քրիստոնյա Հայաստանի նկատմամբ տնտեսական ու քաղաքական հետաքրքրությունը և գնում է շիիթական Ադրբեջանի և սունիական Թուրքիայի հետ մերձեցման:
Նշենք, որ Փոլ Գոբլը ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ «Գոբլ-1՚ և «Գոբլ-2՚ նախագծերի հեղինակն է: Առաջին տարբերակը դեռ 1992 թ. հունվարին ստացել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2ե-ը հայտնվել է 1996 թվականին: Հեղինակը խոստովանել է, որ առաջին տարբերակում մեծ սխալ է թույլ տվել, քանի որ «չի հասկացել, թե հոգեբանական ինչ նշանակություն ունի Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահմանը՚: «Գոբլ-2՚-ը չի ենթադրել Իրանի հետ Հայաստանի սահմանի վերացում և թույլ չէր տալիս Թուրքիայի և Արդբեջանի տարածքային կցումը: Փոխարենը «Գոբլ-2՚-ը առաջարկում էր փոխանակել Հայաստանի հարավային հատվածը (Մեղրիի շրջանը) Նախիջեւանի արևմտյան հատվածի հետ, որտեղ այն 9-կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ: Ըստ որում՝ ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ միասին դառնում են Հայաստանի մաս կամ էլ անկախություն են ստանում; հայ-թուրքական սահմանը բացվում է ողջ երկայնքով; կարգավորվում է Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավարության ոչ անկլավային գոյության հարցը; Հայաստանի և Իրանի սահմանը պահպանվում է, բայց տեղափոխվում է մի քիչ հյուսիս, ինչը աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի. Հայաստանին հանձնվող Նախիջևանի ինքնավարության հատվածն այդ դեպքում թույլ չի տալիս Թուրքիայի և Ադրբեջանի միացումը: