Հանրապետության հրապարակում տարեց ցուցարարին ապտակած ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանի գործով ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ գործով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին օգոստոսի 28-ին տեղեկացրել է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ՝ ոստիկանության աշխատակցի կողմից իրեն ապտակելու մասին Հ. Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել էր 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին: Հաջորդ օրը Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել էին: Նշանակվել էր ծառայողական քննություն: