Թուրքիայի նախագահի և վարչապետի աշխատակազմերի
աղբյուրները հերքում են Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձի տոնակատարությունը
չեղյալ հայտարարելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին գրում է Daily
Sabah-ը:
Պարբերականը նշում է, որ տոնակատարությունը չեղյալ
հայտարարելու վերաբերյալ տեղեկատվություն տարածած Today's Zaman-ը սատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի ընդդիմախոս Ֆեթհուլլահ Գյուլենին:
Today's
Zaman-ի աղբյուրների համաձայն, Անկարան հրաժարվել է ապրիլի 24-ին Գալիպոլիի
ճակատամարտում հաղթանակի 100-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարության գաղափարից:
Ինչպես հայտնի է, Անկարան նախատեսում էր Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-րդ
տարեդարձը նշել ապրիլի 24-ին, երբ հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցը: Այդ առնչությամբ Անկարան հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու
հրավեր էր ուղարկել 102 պետությունների ղեկավարների, այդ թվում` Հայաստանի
ղեկավարին: Ըստ Today's Zaman-ի, Գալիպոլիի հաղթանակի հանդիսավոր տոնակատարության
գաղափարից հրաժարվելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ պետությունների
ղեկավարները մերժել են այդ հանդիսություններին մասնակցելու հրավերը: Նրանք իրենց
մերժումը պատճառաբանել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին
մասնակցելու մտադրությամբ և Գալիպոլիի մոտ Թուրքիայի հաղթանակի պատվին
հանդիսություններին ներկայությամբ Երևանին վիրավորելու ցանկության բացակայությամբ:
Ըստ պարբերականի, Անկարայի հրավերն ընդունել է ընդամենը հինգ պետության ղեկավար:
Պաշտոնական Անկարան առայժմ Գալիպոլիի հաղթանակի տոնակատարությունը չեղյալ
հայտարարելու վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի արել: