Թուրքիան հանդես է գալիս ռուսական արջի դեմ հարձակման հրահրած որսորդական շների ոհմակի պարագլխի դերում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
ՙՌուս-թուրքական դիմակայությունը բացառապես իրենց երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային շահերի լույսի ներքո դիտարկելը սխալ կլիներ: Այն, անշուշտ, պայմանավորված է առավել ընդգրկուն աշխարհաքաղաքական գործընթացների ուղղորդվածությամբ և որոշակի առանձնահատկություներով՚,- համոզված է վերլուծաբանը:
Ըստ Մելիքյանի, ռուս-թուրքական կոնֆլիկտն ունի խորացման նախադրյալներ և իր գագաթնակետին կհասնի միայն առաջիկա 2-3 տարում, իսկ դրա տևողությունը կանխատեսելն ընդհանրապես անհնար է: Այնուամենայնիվ, վերլուծաբանը քիչ հավանական է համարում Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության վերաճումը լայնամասշտաբ ռազմական բախման: