Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, հանդիպմանը հանդես գալով ելույթով` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա:
ՙՎիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները՚,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵՄ շարունակական օժանդակությունն ու աջակցությունը նշանակալի դեր ունեն Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:
Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ` քաղաքական երկխոսությունից մինչև արդարադատություն և շարժունակություն, միգրացիայի հարցերից ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ներուժի աճ, և հավելեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Նախարարը նշեց, որ մեր հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ս.թ. մարտին ուժի մեջ մտած Միության ծրագրերում Հայաստանի մասնակցության համար հիմնական սկզբունքների մասին գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը թույլ կտա մասնակցել ԵՄ տարբեր ծրագրերին և ընդլայնել երկկողմ ոլորտային համագործակցությունը: