Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կշարունակի ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, և մոտ օրերս տեղի կունենա հանդիպում միջնորդների հետ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարը ցավով նշել է, որ վերջին շրջանում Մինսկի միջնորդները, Հայաստանը և միջազգային հանրությունն ավելի շատ ջանք են գործադրում ոչ թե բանակցային գործընթացի առաջխաղացման, այլ՝ որպեսզի թույլ չտան Ադրբեջանին ձախողել բանակցային գործընթացը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարվա ընթացքում իրենց հրապարակային հայտարարություններում հասցեական կոչեր են հղել Ադրբեջանին՝ չսրելու իրավիճակը հակամարտության գոտում, վերահաստատելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, իրականացնելու վստահության ամրապնդման միջոցներ, ընդունելու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունները, զերծ մնալու բանակցային միակ ձևաչափ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերը քննադատելուց և հարգելու նրանց մանդատն ու ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը, դադարեցնելու բանակցային գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը։
Ադրբեջանն արհամարհել է համանախագահների՝ իրեն ուղղված վերոհիշյալ կոչերը, գնացել է իրավիճակի առավել սրմանը, ինչի պատճառով չի հաջողվել առաջընթաց գրանցել ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի և վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ միջազգային հանրության աջակցությունը վայելող եռանախագահների առաջարկություններն իրականություն դարձնելու գործում:
Միաժամանակ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Նալբանդյանը նշել է, եթե Ադրբեջանը շարունակի հավատարիմ մնալ ապակառուցողական դիրքորոշմանը, դա դժվար կլինի անել, ինչպես նաև առաջ մղել բանակցային գործընթացը: