Հայոց ցեղասպանության խնդիրը պատմական հիմնավորում է տալիս Եվրամիության և Թուրքիայի միջև շարունակվող օտարացմանը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժամանակակից Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:
Նրա խոսքով, վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավը պայմանավորված է չորս սերտ փոխկապակցված պատճառներով:
ՙԱռաջինը`Ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ Հայաստանի և հայկական Սփյուռքի հետևողական համաձայնեցված դիրքորոշումն է և նրանց աշխատանքն արտերկրում: Երկրորդը`1915 թ. իրադարձությունների 100-ամյա տարելիցը հերթական անգամ ուշադրությունը հրավիրեց այդ ողբերգության վրա, ինչը թույլ տվեց Երևանին և Սփյուռքին ավելի արդյունավետ աշխատել: Երրորդ պատճառն լարվածության շարունակվող աճն է Արևմուտքի և Թուրքիայի հարաբերություններում, որը գնալով ավելի անկախ դիրքորոշում է զբաղեցնում միջազգային ասպարեզում. մեծ է Ցեղասպանության թեման Անկարայի վրա ճնշման համար օգտագործելու գայթակղությունը: Եվ չորրորդ`փոքր ինչ փիլիսոփայական, բայց միաժամանակ ազդեցիկ պատճառը սոցիոմշակութային է: Վերջին 100 տարում հայերին հաջողվել է թուրքերից զգալիորեն ավելի հեռու գնալ եվրոպական լեզվական և սոցիոմշակութային տարածությանն ինտեգրման ճանապարհին, ՙտուժած ժողովրդի՚ իմիջ ստեղծել: Թուրքերին, ընդհակառակը, շարունակել են մեղքի բարդույթ, եվրոպական քաղաքակրթական սկզբունքների համար ՙօտարի՚ իմիջ պարտադրել: Այժմ Եվրոպայում կրկին երկու անհնազանդ բարբարոս ժողովուրդների`ռուսների և թուրքերի կերպար է ստեղծվում, և ցեղասպանության խնդիրը ժամանակին պատմական հիմնավորում է տալիս ԵՄ և Թուրքիայի միջև շարունակվող օտարացմանը՚,- եզրափակել է Սոտնիչենկոն: