Ազգային ժողովում բյուջետային լսումների ընթացքում ՙԺառանգությունից՚ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ են սպասվում, ինչի առնչությամբ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվել է, թե որքան գումար է նախատեսված բյուջեով 2015 թ. արտահերթ ընտրական գործընթացների կազմակերպման համար:
Մուկուչյանը տարակուսանքով հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ արտահերթ ընտրությունների մասին, և եթե հիշողությունն իրեն չի դավաճանում, ընտրություններ պետք է լինեն միայն 2017– 2018 թթ.: Իսկ հաջորդ տարի սպասվում են միայն ՏԻՄ ընտրություններ հանրապետության 150 համայնքում:
Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, ՙտեղեկացրել է՚ ԿԸՀ ղեկավարին, որ ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում, և դա կարող է տեղի ունենալ արդեն 2015 թվականին:
Բանավեճին միջամտել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով Փոստանջյանին հիշեցրել է, որ բյուջեի նախագծի քննարկումներն ամենահարմար հարթակը չէ քաղաքական հայտարարությունների համար, և որ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ իրականում լինելու են համապատասխանաբար 2017 և 2018 թթ.:
Սակայն, Փոստանջյանն իր կարծիքին է մնացել`առաջարկելով կառավարությանը պահուստային ֆոնդում միջոցներ նախատեսել 2015 թ. արտահերթ ընտրությունների համար: