Կուսակցության կադրային
նշանակումները ես չեմ քննարկում և չեմ մեկնաբանում, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ,
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը`լրագրողների խնդրանքով մեկնաբանելով
Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի սկանդալային նշանակումը:
Այն հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվել է ՀՀԿ
խորհրդի նիստում և արդյոք այդ նշանակմանը հակառակվողներ են եղել`Շարմազանովը
հայտարարել է, որ հնարավոր է խորհրդում հարցը չի քննարկվել, սակայն կարող էր
քննարկվել ղեկավար մարմնում: ՙԿառավարության կադրային նշանակումները չեմ քննարկում
և չեմ մեկնաբանում, սակայն անհրաժեշտ է հետևել, որպեսզի մարզպետները լավ աշխատեն:
Եթե կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը նման որոշում են ընդունել, այն
ընդունելի է՚,- հայտարարել է նա:
Խաչատրյանի քրեական անցյալի վերաբերյալ լրագրողների
դիտարկմանն ի պատասխան`Շարմազանովը հայտարարել է, որ քրեական գործով զբաղվում են
դատական ատյանները, ինքը փաստաբան կամ դատախազ չէ, որպեսզի նման հարցերի
պատասխանի: ՙԴատարանը, որքանով ես տեղյակ եմ, որեւէ մեղադրական եզրակացություն չի
տվել՚,-հայտարարել է նա:
Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից
հեռացվել էր իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ
սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության
բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին
Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և
ազատ արձակել նրանց: Կրքերը հանդարտեցնելու համար Սյունիքի մարզպետ նշանակվեց ԱԺ
պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն
Մաքսիմ Հակոբյանի որդին: Սակայն, ԱրմԻնֆոի- ունեցած տեղեկությունների համաձայն,
երիտասարդ մարզպետի գործունեությանը խոչընդոտում էր Սուրիկ Խաչատրյանը, ով
վայելում է երկրի բարձրագույն
ղեկավարության համակրանքը: Արդյունքում` Վահե Հակոբյանն ստիպված էր մեկ տարի անց հրաժարականի
դիմում ներկայացնել: