Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի ադրբեջանական կողմի գնդակոծություններից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը: Այդ մասին որոշում է կայացվել կառավարության հոկտեմբերի 8-ի նկստում:
Կառավարության որոշման համաձայն, պահուստային ֆոնդից կհատկացվի 66 մլն 30 հազար դրամ: Աջակցություն կստանան Սևքար, Ներքին Ծաղկավան, Ոսկեպար, Ոսկևան, Այգեպար, Բաղանիս, Բարեկամավան, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Վազաշեն, Մովսես, Այգեհովիտ, Չինարի, Կոթի, Բերդավան, Պառավաքար և Դովեղ գյուղերի 586 ընտանիքներ, որոնց տները վնասվել են գնդակոծություններից: Ինչպես նշել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը, յուրաքանչյուր բնակչի համար վնասի գումարի հաշվարկը կատարվում է անհատական հիմունքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ասելով, կա ՀՀ նախագահի համապատասխան հանձնարարություն, և միջոցները, կհատկացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում: