Հուլիսի 22-ին Ռոստելեկոմը Հայաստանում ի դեմս ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն փոխըմբռնման և համագործակցության հուշագիր ստորագրեց Աբովյան քաղաքի համայնքի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հուշագիրը նպատակ ուներ զարգացնելու քաղաքային համայնքի ենթակառուցվածքները, ապահովելու շրջակա միջավայրի պահպանության և Աբովյան քաղաքի կենսամակարդակի բարձրացման հիմնախնդիրները։ Մասնավորապես, Ռոստելեկոմի կողմից կբարեկարգվեն ու անճար WiFi ցանցով կապահովվեն համայնքային զբոսայգիները, նախատեսվում է հետագայում ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ համայնքի բնակչության բարեկեցության ապահովման։
Հավելենք, որ 2014թ.-ից անվճար ինտերնետ կապով են ապահովված Աբովյան քաղաքի յոթ նախակրթարաններ, գեղարվեստի, երաժշտական և շախմատի դպրոցները, սպորտի և մշակույթի համալիր կենտրոնը, համայնքային գրադարանը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, սբ.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և ընկերության գրասենյակների հարակից տարածքները։
Աբովյանի նորանշանակ քաղաքապետ Վահանգն Գևորգյանը նշել է, որ մեծապես կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, և ընկերությունների ներգրավվածությունը համայնքի զարգացման գործում էապես կնպաստի տեղի ենթակառուցվածքների զարգացմանը։
Ռոստելեկոմի հայաստանյան ղեկավար Հայկ Ֆարամազյանն ընդգծել է ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում շարունակական իրականացվող նախագծերի կարևորության մասին։ Նա հավելել է, որ Աբովյան քաղաքում է տեղակայնված Ռոստելեկոմի գլխամասային գրասենյակը և նմանօրինակ աշխատանքները նպաստավոր պայմաններ են ստեղծում նաև ընկերության համար։
Ռոստելեկոմը Հայաստանում ակտիվ համագործակցություն է իրականացնում համայնքների հետ ի նպաստ տեղի բնակչության կենսամակարդակի և ենթակառուցվածքների զարգացման։ Նման նախագծեր են իրականացվում նաև Երևանի, Կապանի, Վանաձորի և Դիլիջանի քաղաքապետարանների հետ։
Հիշեցնենք, 2012թ. դեկտեմբերի 18-ից ՙՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ՚ ՓԲԸ-ն ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ ՙՌոստելեկոմ՚ ապրանքանիշի ներքո՝ որպես ՙՌոստելեկոմ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկություն: Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ Ռոստելեկոմը Հայաստանում մատուցում է Ֆիքսված հեռախոսակապի, Ինտերնետ հասանելիության և նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար: 2012-2013թթ. ընկերության կողմից խոշոր ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ: Իրականացված ներդրումների շնորհիվ հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանումե (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում: Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով Ռոստելեկոմի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերությունը Երևան քաղաքում կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որը ծածկում է բոլոր վարչական շրջանները և ունի օղակաձև կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անխափան ու գերարագ ինտերնետ ողջ քաղաքում: Ռոստելեկոմի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, բանկեր և ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ: