Ադրբեջանի ԱԳՆ-ը ողջունել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման առնչությամբ նախաձեռնված ընթացակարգերը խորհրդարանի երկու անդամների առաջարկություն են, իսկ պաշտոնական Երևանը հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին, ինչը բացառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միակողմանի կարգով որոշումը:
ՙԱդրբեջանական կողմը միշտ հայտարարել է, որ պատրաստ է առարկայական և արդյունավետ բանակցություններ իրականացնել, որոնք ենթադրում են օկուպացված ադրբեջանական տարածքների ազատում՚,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ իր վերաբերմունքը հայտնելով Լավրովի հայտարարության առնչությամբ:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ՙզորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի մշտական խախտումներից տուժում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը՚: ՙՀրադադարի ռեժիմի խախտումների կանխումը և միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծումը պետք է լինի Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման գործընթացի բաղկացուցիչ մասը՚,- ասել է Հաջիևը՝ հավաստիացնելով, որ հակամարտության լուծման ճանապարհային քարտեզը հայտնի է:
Պաշտոնական Երևանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին երկար ժամանակ պնդում է սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդնում և խաղաղության ապահովման համար պայմաների ստեղծում, մինչդեռ Բաքուն հրաժարվում է դրանից: