Էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում կաճի, իսկ խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը ժամանակավորապես կդադարեցվի: Մայիսի 4-ին մամուլի ասուլիսում այդպիսի կանխատեսում է արել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Փորձագետը կարծում է, որ Արցախի սահմանների մոտ Ադրբեջանի զինված ուժերի կուտակումների տրամաբանությունը հանգեցնում է հենց դրան, սակայն դժվարացել է կանխատեսել, թե արդյոք այդ հարձակումը կիրագործվի մայիսի 9-ին, ինչպես հայտարարում են շատ քաղաքագետներ: «Հազիվ թե նրանք գործողություններ սկսեն մայիսի 9-ին: Գործողություններ սկսել, որպեսզի երկրորդ անգամ պարտություն կրեն, անիմաստ է: Բաքուն պետք է վստահ լինի, որ կհասնի որոշ հաջողությունների, սակայն վերջին ագրեսիայի լիակատար ձախողումից հետո նման երաշխիք արդեն չկա», - ընդգծել է Մարկարովը: Նա նշել է, որ հայկական կողմի դիրքորոշումը նույնպես կոշտացել է, այդ թվում` միջազգային հանրության նկատմամբ, որը, նրա կարծիքով, կարող է նպաստել հակամարտության տարածաշրջանում լարվածության թուլացմանը, սակայն անգործության է մատնված:
Մարկարովն ընդգծել է, որ բանակցույթունները շարունակելու համար հարկավոր են շփման եզրեր և կողմերի համար ընդունելի առաջարկներ, որոնք տվյալ պահին չկան: «Դրանք կարող են լինել կամ Կազանի փաստաթղթերը, կամ թարմացված և կատարելագործված մադրիդյան սկզբունքները, սակայն այս փուլում բանակցությունները շարունակելու նախադրյալներ չկան», - նշել է նա:
Ընդ որում, նրա ասելով, Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կնշանակի, որ Երևանը հակամարտության կարգավորման այլ ճանապարհ չի տեսնում: «Անկախության ճանաչումը և, առավել ևս, Արցախի միացումը Հայաստանին կհանգեցնի հակամարտության տեղափոխմանն այլ մակարդակ», - հայտարարել է նա` նկատի ունենալով լայնածավալ մարտական գործողությունների սկիզբը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի հերթական նիստում քննարկելու է «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին հայտարարել է, որ Երևանը ԼՂՀ անկախությունը կճանաչի Ադրբեջանի կողմից լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, իր հերթին, հայտարարել է, որ շփման գծում դիտվում է հակառակորդի զորքերի մեծ կուտակում: