Ամերիկացի կոնգրեսականներն ահազանգ են հնչեցնում՝ Մերձավոր Արեւելքում հայերի եւ հայկական հուշարձանների դեմ հարձակումների կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ՙԱմերիկայի ձայնը՚, ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Փոլ Վալենբերգի անվան հիմնադրամի պատվավոր միջոցառմանը՝ հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծել է խնդրի կարեւորությունը. «Իսլամական պետություն՚ խմբավորումը պատմական այլ հուշարձանների թվում ոչնչացնում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանները՚:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսն իր կողմից ավելացրել է, որ վտանգված են Սիրիայում բնակվող հազարավոր հայերի կյանքեր. «Մենք բոլորս տեղյակ ենք, որ հայ քրիստոնյաների դեմ ծայրահեղական խմբերի կողմից թիրախավորված հարձակումներ են կատարում թե՛ Ալ Նուսրաներ թե՛ «Իսլամական պետությունե խմբավորումը: Այնտեղ հայերի դեմ մեր աչքի առաջ ահավոր բռնություններ են կատարվում, ընդ որում՝ հենց հայերի աղոթատեղիներում՝ Քեսաբում, Դեր Զորում, Հալեպում՚:
Կոնգրեսականի խոսքով, առաջադեմ աշխարհին անհրաժեշտ է միջամտել եւ դադարեցնել արյունահեղությունը, հակառակ դեպքում քրիստոնյաների նկատմամբ ընթացող եղեռնը կարող է հսկայական ծավալների հասնել, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբում, Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ գործած Ցեղասպանության ժամանակ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրին, կոնգրեսականն ընդգծել է առաջին հերթին Թուրքիայի կողմից դրա ճանաչման անհրաժեշտությունը. «Հանցանքի չափերը նվազեցնելու կամ պատերազմի հետեւանքներով այն բացատրելու փորձերն ուղղակի անհեթեթ են՚:
ՙՄիայն անցյալի սխալները ճանաչելուց հետո հնարավոր է ճիշտ ապագա կառուցել՚,- ասել է Ռոյսը: