Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու Բաքվի պատրաստակամության վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները միջազգային հանրության աչքին թոզ փչելու փորձ են, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջին հայտարարությանը:
ՙՍակայն, Բաքվի այդ փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ Մինսկի միջնորդները և միջազգային հանրությունը շատ լավ հիշում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շուրթերից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները, որոնք որևէ ընդհանրություն չունեն կառուցողական բանակցություններ վարելու ցանկության հետ՚,- հայտարարել է ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով Մամեդյարովի հայտարարությանը, թե բանակցությունների շարունակման համար հայկական կողմի առաջ քաշած ՙպայմանները՚ նշանակում են խաղաղարար գործընթացի ավարտ՝ Շարմազանովը հայտարարել է. ՙՀայկական կողմի բանակցելու պատրաստակամության և կառուցողականություն ցուցաբերելու մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլ նաև՝ միջազգային միջնորդները, որոնք բազմիցս նշել են, որ Կազանի առաջարկները և սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների իրագործման սկզբունքներն ընդունելի էին հայկական կողմի համար: Դրանք մերժել է Բաքուն: Ինչ վերաբերում է բանակցությունները շարունակելու առնչությամբ հայկական կողմի դիրքորոշմանը, այստեղ որևէ նոր բան չկա, մենք ելնում ենք համաշխարհային փորձից՝ բանակցությունները չեն կարող շարունակվել, երբ ռազմական գործողություններ են տեղի ունենում, բանակցությունները միշտ ընթանում են հրադադարի պայմաններում: Մեր դիրքորոշումը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, եթե ադրբեջանական հետագա ագրեսիայի կանխարգելման և սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման պայմաններ ստեղծվեն՚,- հայտարարել է Շարմազանովը:
Անդրադառնալով Մամեդյարովի հայտարարությանը, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ նոր փաստաթուղթ է նախապատրաստել, այսպես կոչված, ՙնորացված Մադրիդյան սկզբունքներ՚, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում, և որոնք ՙհետաքրքիր են Բաքվին՚՝ Շարմազանովը նշել է. ՙԻնչո՞ւ այդ հարցերում վկայակոչել Մամեդյարովին, որքանով ինձ հայտնի է, նա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարը չէ: Երևան վերջերս կատարած այցի ժամանակ Լավրովն ինքը հայտարարեց, որ որևէ նոր փաստաթուղթ չկա, և բանակցություններն ընթանում են Կազանյան առաջարկների շուրջ, որոնք Բաքուն մերժել է՝ ըստ երևույթինմ, իր շահերի հետ հակասությունների պատճառով՚:
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել էր, որ գոյություն ունեն ինչ-որ նորացված Մադրիդյան սկզբունքները՝ առաջարկված Ռուսաստանի կողմից, որոնք հետաքրքիր են Բաքվին և ենթադրում են ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում: Նրա խոսքով, արդեն մոտ ժամանակներս այդ փաստաթուղթը կքննարկվի ռուսական կողմի հետ: