«Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացրել են «Տնային պայմաններում միայնակ ծերերի սոցիալական սպասարկման» բյուջետային ծրագրի անկախ դիտարկման արդյունքները:
Դիտարկման ընթացքում բացթողումներ են հայտնաբերվել 3300 շահառուների նկատմամբ ծրագիրն իրագործելիս: Այդ առնչությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը, որը նաև գլխավորում է նախարարության դիտարկման ծառայության համակարգը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ կառույցը մանրակրկիտ վերլուծել է մի քանի տասնյակ ծրագիր, որոնց մի մասը կատարելագործվել է, իսկ մյուսների բյուջետային ֆինանսավորումը, որտեղ նույնպես հայտնաբերվել են բացթողումներ, վերաբաշխվել է այլ ուղղություններով:
Ինչ վերաբերում է կոնկրետ այդ ծրագրին, ապա Հարությունյանը խոստացել է, որ դիտարկման դիտողությունները հաշվի կառնվեն, և անհրաժեշտության դեպքում դրանում ներառման պայմանները կմեղմվեն: Նա չափազանց կարևոր է համարել նման դիտարկումների անցկացումը` բացթողումների հայտնաբերման և համալրման նպատակով:
Հարությունյանը հաղորդել է, որ նախարարությունը մշակել և կառավարությանն է ներկայարցել տներում և հատուկ հաստատություններում ծերերի խնամքի չափանիշները, և որոշվել է, որ առաջին հերթին պետք է գնահատվեն ծերերի կարիքները: Այդ ֆոնին առանձնացվել են երեք խմբեր, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվել են իր չափանիշները: Նա համաձայնել է, որ այդ գործընթացը բարեփոխման կարիք ունի: Այդուհանդերձ, ընդգծել է նա, դիտարկման բուն արդյունքները ցույց են տվել, որ շահառուները դրական են գնահատել ծրագրի արդյունքները:
«Օքսֆամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, իր հերթին, նշել է, որ տնային պայմաններում միայնակ ծերերի և հաշմանդամների պատշաճ խնամքն առաջնային խնդիր է: «Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ծերերը, ինչպես նաև տնային տնտեսուհիներն իրազեկված չեն նման բյուջետային ծրագրի գոյության մասին, դա լուրջ բացթողում է», - նշել է նա` ևս մեկ լուրջ խնդիր համարելով շահառուների հետ պայմանագրերի և օրագրերի բացակայությունը: Նրա ասելով, մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնիդր է սոցիալական աշխատողների անհրաժեշտ թվի բացակայությունը:
Ամփոփելով` Հակոբյանը հավաստիացրել է, որ բյուջետային միջոցները բավարարում են, որեպսզի Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը հինգ անգամ կրճատվի: «Հենց այսպիսի ծրագրերը թույլ են տալիս ավելի արդյունավետ ծախսել բյուջեի միջոցները և, գլխավորը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է համատեղ աշխատանքի և հայտնաբերվող թերությունների վերացմանը», - ընդգծել է Հակոբյանը: