Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն.դոլարի վարկ, Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով: Այս մասին լրոգրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ֆինանսների նմախարարությունների գծով ձեռք է բերվել Հայաստանին 270 մլն.դոլարի արտահանումային վարկ տրամադրելու համաձայնություն: Նախատեսվում է տարեկան 3% արտոնյալ տոկոսադրույք, ինչպես նաև 30 մլն.դոլարի դրամաշնորհ, առաջին կանխավճարի ապահովման նպատակով»,-նշել է նախագահիի օգնականը, հաղորդում է Interfax գործակալությունը:
Նա նշել է, որ վարկի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել է ընթացիկ տարվա փետրվարի 5-ին:
Հայկական ԱԷԿ-ը գործում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կառավարման ներքո: Կայանում տեղադրված է ռուսական «ՎՎԷՌ-440ե նմուշի երկու էներգաբլոկ` 815 ՄՎՏ ընդհանուր հզորությամբ: ԱԷԿ առաջին բլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, իսկ երկրորդը` 1980 թվականին: 1989 թվականի սկզբին կայանը կոնսերվացվել էր քաղաքական նկատառումներով, իսկ 1995 թվականի սկզբին վերագործարկվել է ՀԱԷԿ ներկայում գորիծող երկրորդ բլոկը` 404 ՄՎտ հզորությամբ: Հայկական ԱԷԿ-ին բաժին է ընկնում հանրապետությունում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 45%-ը: Գործող էներգաբլոկի ծառայության ժամկետը լրանում է 2016 թվականի վերջին: Նախատեսվում է այն երկարաձգել մինչև 2026 թիվը` Ռուսաստանի 270 մլն դոլար վարկի հաշվին:
Ինչպես հայտնի է, փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է ՙՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին՚ համաձայնագիրը, որի համաձայն ռուսական կողմը կտրամադրի 270մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30մլն. ԱՄՆ դոլար դրամանաշնորհ: Այդ միջոցները կուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:
2014 թվականի մարտի 27-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել երկու փուլով: ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագրերի ստորագրումից հետո, առաջիկայում ՙՀԱԷԿ՚ ՓԲԸ-ի և ՙՌուսատոմ Սերվիս՚ ՓԲԸ-ի միջև կստորագրվի շրջանակային պայմանագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները իրականացնելու նպատակով: