Հայաստանում բավականաչափ լրջորեն չեն վերաբերվում հարկային ռեֆորմներին, ինչի արդյունքը նոր օրենսգրքի նախագիծն է, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից, և վերջնական ընդունման դեպքում այն լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ երկրի տնտեսության զարգացման համար: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ American Chamber of Commerce in Armenia - AmCham), հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը:
Խոսելով Հայաստանի բիզնես-ասոցիացիաների անունից, ի դեմս`Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի, Հայաստանի բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, ՏՏ ոլորտի գործատուների միության, Հարկատուների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության, Եվրոպական բիզնես ասոցիացիայի, որոնք ներկայացնում են օտարերկրյա ուղղակի ներդրումների երրորդ մասը, և նույն ծավալներով էլ գեներացնում երկրի ՀՆԱ-ի գրեթե երրորդ մասը, Տիգրան Ջրբաշխանը նշել է, որ բիզնեսի ներկայացուցիչները ծայր աստիճան անհանգաստացած են կառավարության կողմից մշակված փաստաթղթով: Նրա խոսքով, Օրենսգրքի ընդունումը սպառնում է կրճատել սպառման շուկան, ներքին և արտաքին ներդրումները, ավելացնելով որակյալ կադրերի հետագա արտահոսքը, ինչպես նաև մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը: «Այսօր մենք ստիպված ենք հասարակության առջև բարձրացնել այս հարցը, քանի որ այս փուլում արդեն մենք ունենք բիզնեսի համար լուրջ պրոբլեմներ, կապված Հայաստանի նոր Հարկային օրենսգրքի հետ, որը պարտադիր կարգով պետք է վերանայվի»,-հայտարարել է Ջրբաշյանը:
Ջրբաշյանը հիշեցրել է, որ ապագա հարկային օերնսգրքի հայեցակարգային դրույթների մշակման փուլում բիզնես-ասոցիացիաների անդամները հանդես եկան առաջարկներով, որոնք արտացոլված են Հարկային օրենսգրքի Հայեցակարգում: Բացի այդ, ուսումնասիրելով երկրի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը, բիզնես-ասոցիացիաները բացահայտեցին, որ օրենսգրքով ամրագրված են նորմեր, որոնք ոչ միայն համահունչ չեն հաստատված Հայեցակարգի ոգուն, այլ նաև հակասում են նախագծի սկզբնական տարբերակի բազմաթիվ դրույթներին, որոնք քննարկվել և հաստատվել էին Հանրային խորհրդում:
Ջրբաշյանը հույս է հայտնել, որ մինչև երկրորդ ընթերցումը Օրենսգրքի նախագիծն, այնուամենայնիվ, կփոխվի, ապահովելով հայեցակարգային 5 կարևորագույն կետերի ներկայությունը: Խոսքը գնում է այն կետերի մասին, որոնք ուղղված են`օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, ազգային տնտեսության վերազինմանն ու արդիականացմանը, արտահանման խթանմանը, ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում, ինչպես նաև երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի ապահովմանը: «Փաստաթուղթը կընդունվի, բայց ոչ այն տեսքով, որով որ ներկումս գոյություն ունի»,-հավաստել է փորձագետը: Նրա խոսքով, իր վերջնական և ընդունելի տեսքն այն կունենա փոխզիջումների արդյունքում, որն էլ իր հերթին կլինի միայն փուլային, որոնք «վերաբերվում են բոլոր հարկատեսակներին»: Փորձագետը հավաստել է, որ երկրի տնտեսական կյանքում սպասվում են շատ ակտիվ ամիսներ: «Հուսով եմ, որ արդյունքը, որակապես նոր օրենսդրական փաստաթղթի տեսքով, կներկայացվի սեպտեմբերի սկզբին և ձեռնտու կլինի բոլորին»,-հայտարարել է նա: Ինչպես նշել է փորձագետը, կամ Հայաստանը դանակի տակ է դնում հավին և ստանում րոպեական ֆիսկալ օգուտ, կամ էլ ստեղծվում են պայմաններ, որպեսզի այդ հավը լինի առողջ և կանոնավոր ձու ածի`հանուն տնտեսության:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը: Ծրագիրն ընդունվեց ձայների` 68 «կողմ», 21 «դէմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Օրինագծին դեմ հանդես եկան բոլոր կուսակցությունները, բացի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նույնիսկ ՀՅԴ Դաշնակությունը, որը հանդիսանում է իշխող կոալիցիայի մաս, հայտարարել էր, որ համաձայն չէ նախագծի հետ: Օրենսգրքի 2-րդ ընթերցումը նախատեսվում է աշնանը:
2016 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել նոր Հարկային օրենսգրքի նախագծին և այն ներկայացրել Ազգային ժողով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել էր, որ երկարատև քննարկումներից հետո նախագիծը վերանայվել է նախնական սկզբունքների հիման վրա և փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության շարունակական աճ, չկենտրոնանալով կարճաժամկետ հաջողությունների վրա: