Ապրիլի 23-ին Երևանում տեղի կունենա System of a Down-ի երկար սպասված համերգը: Անվճար համերգը տեղի կունենա Հանրապետության հրիապարակում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake Up The Souls Tour միջազգային շրջագայության շրջանակում: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` համերգի ընթացքում Հանրապետության հրապարակ մուտքը կսահմանափակվի. համերգին կարող է ներկա լինել ընդամենը 50 հազար մարդ:
Ռոք-խումբն ստեղծվել է 1992 թվականին Լոս Անջելեսում` Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից: SOAD-ը «Գրեմմի» մրցանակակիր է «Լավագույն հարդ-ռոք կատարման» համար, արժանացել է նաև MTV Europe Music Awards մցանակի` լավագույն այլընտրանքային կատարման համար:
Խմբի ղեկավար Սերժ Թանկյանը հայտնի է ոչ միայն երաժշտական գործունեությամբ, այլև` ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, և բազմիցս բարձրացրել է Հայոց ցեղասպանության և դրա ճանաչումից Թուրքիայի հրաժարման թեման: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերից զատ Թանկյանը սևեռուն ուշադրությամբ հետևում է նաև Հայաստանում առկա սոցիալ-քաղաքական իրավիճակին: Մասնավորապես, 2013 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած իր նամակում աշխարհահռչակ երաժիշտը հայոց պետության ղեկավարի ուշադրությունն էր հրավիրել այնպիսի խնդիրների, ինչպես` արտագաղթը, կոռուպցիան, անարդարությունն ու կեղծված ընտրությունները, որոնց հետևանքով երկրին ավելի է դատարկվում, քան` ականներից և ռումբերից: Պատասխան նամակում ՀՀ նախագահը խոստովանել էր, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել: Սերժ Թանկյանը նաև Հայաստանում բարեգործություն է իրականացնում` «Օրրան» բարեգործական կազմակերպության միջոցով:
Այսօրվա համերգից զատ ապրիլի 25-ին տեղի կունենա Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուիբյանի «1915» թրիլլերի պրեմիերան, որի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմում նկարահանվել են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սաֆարյանը, Սեմ Փեյջը, Նիկոլայ Քինսկին և Ջիմ Փիդոկը: