Ես ադրբեջանցիներին կասեմ այն ճշմարտության մասին, ինչը տեսա, ինչն զգացի այստեղ (Հայաստանում – խմբ.), հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստանից հեռանալուց հետո մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե որն է լինելու նրա գլխավոր պատգամը Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում:
«Ես հանդիպել եւ խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ես ձեզ կասեմ, որ խաղաղության բացակայությունը երկրագնդի ոչ մեծ հատվածում ինչ-որ խավար բան է, այնպես չէ՟: Ես սա ասում եմ հայերին ու ադրբեջանցիներին: Հնարավոր է՝ նրանք չեն կարողանում պայմանավորվել հաշտության հասնելու ուղիների շուրջ, եւ նրանք պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Ես չգիտեմ, թե էլ ինչ կարող եմ ասել։ Ես կասեմ այն, ինչ այդ պահին կլինի իմ սրտում, բայց միշտ էլ հարկավոր է փորձել գտնել դրական լուծումներ, որոնք կենսունակ են և թույլ են տալիս առաջ ընթանալ», - նշել է պոնտիֆիկոսը:
Ընդ որում նա հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը կգտնի արդարություն եւ խաղաղություն: «Ես հույս ունեմ, որ այդ ժողովրդի համար արդարություն եւ խաղաղություն կլինի։ Եվ ես կաղոթեմ դրա համար, չէ՞ որ նրանք խիզախ ազգ են։ Ես աղոթում եմ, որ նրանք արդարություն եւ խաղաղություն գտնեն։ Ես շատ ուրախացա, երբ անցյալ շաբաթ տեսա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ նախագահ Պուտինի հանդիպման լուսանկարը (խոսքը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպմանը – խմբ.)։ Նրանք, համենայն դեպս, խոսում են», - նշել է Հռոմի պապը:
Պոնտիֆիկոսն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և նշել, որ Հայաստանի նախագահն իր ողջույնի խոսքում համարձակություն ունեցավ ասել. «…եկեք համաձայնության գանք, ներենք միմյանց եւ առաջ նայենք»։ «Եվ դա մեծ համարձակություն է ժողովրդի համար, որն այդքան շատ է տառապել, այնպես չէ՞»,– հարց է տվել Ֆրանցիսկոս պապը։
Խոսելով այցից հետո իր տպավորությունների մասին` Սրբազան քահանայապետը հայտարարել է, որ աղոթքի ժամանակ ինքը միտք է հղացել` քարի կյանք եւ մայրական քնքշություն։ «Նրանք իրենց վրա են կրել խաչերը, անգամ` քարե խաչերը, բայց չեն կորցրել իրենց քնքշությունը, արվեստը, երաժշտությունը։ Դա ժողովուրդ է, որը շատ է տառապել իր պատմության ընթացքում, եւ միայն հավատն է օգնել նրան դիմանալ, քանի որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են եղել, քանի որ Աստված օրհնել է նրանց, քանի որ նրանք ունեցել են սրբեր, նահատակներ ու դիմակայել են: Հայաստանին տրվել է «քարե մաշկ», այսպես կոչենք դա, բայց ժողովուրդը միաժամանակ չի կորցրել մայրական սրտի քնքշանքը: Հայաստանը նաև մայր է», - ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: