Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ՙՈչ՚ շարժումը հոկտեմբերի 30-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Արշակ Մուսախանյանը:
ՙՀոկտեմբերի 30-ին մենք կներկայացնենք նաև բարեփոխումների դեմ պայքարի հետագա գործողությունների ծրագիրը: Առաջիկա ամսվա ընթացքում մենք կշարունակենք ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում քաղաքացիների համախմբմանն ուղղված գործողությունները՚,- նշել է նա՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հասարակական աջակցություն չի վայելում Հայաստանում:
Նա նաև հայտնել է, որ ՙՈչ՚ շարժումը մտադիր է երեք հայցով դիմել դատարան, մասնավորապես՝ կապված խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունների հետ կապված, ինչի հետևանքով բերման է ենթարկվել 21 քաղաքացի:
Շարժման մեկ այլ համակարգող Հրայր Մանուկյանն իր հերթին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Հայաստանի ոստիկանության անօրինական գործողությունները: ՙԽաղաղ ակցիայի անօրինական ցրման հետևանքով 21 քաղաքացի բերման է ենթարկվել: Ավելին, երկար ժամանակ փաստաբաններին և Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներին թույլ չեն տվել հանդիպել նրանց հետ: Անընդունելի ենք համարում նման գործողությունները՚,- ասել է Մանուկյանը: Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի շենքի առջև «Ոչ» շարժումը բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան՝ բերման ենթարկելով 21 ակտիվիստի, այդ թվում՝ շարժման համակարգողներ Արշակ Մուսախանյանին և Ավետիս Ավագյանին, ինչպես նաև ՀԱԿ-ից ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին: Չնայած բողոքներին՝ ՀՀ խորհրդարանը 104 ՙկողմ՚ ձայնով ընդունել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Սահմանադրական հանրաքվեն, որը նախատեսում է Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական կարգի, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ընթացքում արձակուրդ կվերցնի: