Եվրախորհրդարան-Լեռնային
Ղարաբաղ բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման նախաձեռնությունը չափազանց
կարևոր քայլ է, որը վկայում է միջազգային
կառույցների կողմից այն փաստի գիտակցման մասին, որ Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո
անկախ սուբյեկտ է` իր օրինական ճանապարհով ընտրված օրենսդիր մարմնով: Այդ մասին
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհդրարանի փոխխոսնակ
Էդուարդ Շարմազանովը Ժնևից` մեկնաբանելով
Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության պատգամավորական խմբի ստեղծումը
Եվրախորհրդարանում:
«Այդ քայլը լրացուցիչ
վկայություն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման օգտին,
ինչպես նաև կարևոր քայլ` ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին», - հայտարարել է
Շարմազանովը, հավելելով, որ բարեկամության նման խմբի ստեղծումը կնպաստի ԼՂՀ
եվրաինտեգրմանը, Ստեփանակերտի ներկայացմանը եվրոպական հարթակներում, ինչպես նաև
եվրոպական արժեքների արմատավորմանը Լեռնային Ղարաբաղում:
Եվրախորհրդարանում
ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբ, որի նպատակը ժողովրդավարական
արժեքների, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու եվրոպական արժեքների
արմատավորմանն աջակցելն է ԼՂՀ-ում: Խմբի նպատակը նաև շփումների հաստատումն է
Եվրամիության և ԼՂՀ պաշտոնական անձանց միջև, ինչպես նաև կողմերի քաղաքացիական
հասարակությունների միջև կապի հաստատումը: Խմբի ջանքերով ճանաչողական այցեր
կիրակացվեն Լեռնային Ղարաբաղ: Կառույցը նաև կաջակցի Ստեփանակերտի մասնակցությանը
տարբեր միջազգային ֆորումների և ԵՄ ծրագրերին:
Հավելենք,
որ արդեն համանման խմբեր են գործում Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարաններում: