Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին կհայտնվի պատշաճ ժամկետում, պատշաճ կարգով, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՙՀրապարակ՚ թերթի հրապարակմանը, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Փարիզում:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա դեկտեմբերի սկզբին:
Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Հայաստանի սահմանադրական հանրաքվեից հետո:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալՆովրուզ Մամեդովը հայտարարել է, որ նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա՝ ակնարկելով, որ անիմաստ է հանդիպել պարզապես հանդիպելու համար:
ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաստատում են այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ ներկայումս հանդիպման վերաբերյալ որևէ հստակ պայմանավորվածություն չկա, և դեկտեմբերի սկզբի վերաբերյալ հայտարարված ժամկետները չեն համապատասխանում իրականությանը: