Հայաստանի որոշ համայնքներում այգիները ոռոգվում են կոյուղու ջրերով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է էկոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը:
Որպես օրինակ`նա նշել է Մասիսը /Արարատի մարզ/, որտեղ տեղի բնակիչներն ստիպված այդ միջոցին են դիմել`ոռոգման ջրի պակասի պատճառով: Խնդիր է դարձել նաև ձկնային տնտեսությունների գործունեությունը: Օգտագործած ջուրն առանց նախնական մաքրման թափվում է գետը, այնուհետև գետի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով: Մինչդեռ գաղտնիք չէ, որ խոշոր տնտեսությունների ձկան կերի մեջ հակաբիոտիկներ են ավելացվում, որոնք արդյունքում կարող են ներթափանցել բանջարաբոստանային կուլտուրաների մեջ:
ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը նշել է, որ ոռոգման նպատակներով կոյուղու ջրերի օգտագործումն անվտանգ չէ մարդու առողջության համար, քանի որ կարող է աղիքային վարակների տարածման պատճառ դառնալ:
Ստեղծված իրավիճակի արմատները փորձագետները կոչ են անում փնտրել այդ թվում` հանրապետության ոռոգման համակարգերի հնամաշության մեջ, ինչի պատճառով ջրի խոշոր կորուստներ են արձանագրվում: