Ռուսաստանի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի Երևանում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանն այսօր կես տարով երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն։
«Պերմյակովի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հունվարի 30-ը: Դատավորի վճռով Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակվել է 2015 թվականի օգոստոսի 12-ին»,- հայտարարել է նա:
Պերմյակովին մեղադրանք է ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով՝ զենքով դասալքություն, զենքի և զինամթերքի գողանալը և զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերումը, փոխանցումը, պահպանումը, տեղափոխությունը և կրումը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Դեպքի վայրում գտնվել են զինվորական սապոգներ, որոնց վրա գրված են եղել փախուստի դիմած զինծառայողի անունը և ազգանունը: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ԱԿ- 74 ինքնաձիգ, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։ Նույն օրն ուշ երեկոյան հայ-թուրքական սահմանի մերձակա Բայանդուր գյուղի մոտ ձերբակալվել է Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է գյումրեցի ընտանիքի սպանդն իրագործելու համար: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Հայկական կողմը խոստանում է հետևողական լինել, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: