Ճոռոմ
հայտարարությունների և սպառնալիքների միջոցով Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիայի
ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում հայտարարել է Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն
Ստեփան Սաֆարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի այն
հայտարարությունը, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստում ղարաբաղյան
հակամարտության կարգավորմանը, ապա պետք է մի կողմ քաշվի, որպեսզի Երևանն ու Բաքուն
այն լուծեն:
Նրա
ասելով, Բաքուն փորձում է ճնշում գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ մշտական
ակնարկների և հայտարարությունների, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի
շփման գծում իրավիճակի լարման միջոցով, որպեսզի համանախագահները կատարեն իր
քմահաճույքները: Այդ համատեքստում Սաֆարյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
վերջին, բավականին մեղմ հայտարարությունը, որն ուղղված էր երկու կողմերին այն
դեպքում, երբ ագրեսիա է դրսևորել Բաքուն, վկայում է այն մասին, որ միջազգային
հանրությունը նախընտրում է ոչ թե պատժել, այլ շոյել անհնազանդ կողմին: «Բաքուն
արդեն հասկացել է, որ ԵԱՀԿ ՄԽ նախընտրում է շոյել իր գլուխը, և ճնշման
ռազմավարությունն իր արդյունքն է տալիս, հետևաբար` այդպես էլ կշարունակի», -
եզրափակել է նա: