Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Ֆրանցիսկոս պապին քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբյալ հայտարարությունների համար: Ընդ որում Էրդողանը «նախազգուշացրել և հույս է հայտնել», որ վեհափառն այլևս «չի կրկնի իր սխալը»:
Ինչպես հաղորդում է «Ագոսը», Էրդողանը հիշեցրել է վերջերս Հռոմի պապի Անկարա կատարած այցի մասին, հայտարարելով, թե իրենց հանդիպման ընթացքում տեսել էր միանգամայն այլ քաղաքական գործչի: «Ոչ թե հոգևոր, այլ հենց քաղաքական գործչի: Սակայն վերջին հայտարարությունից հետո մենք տեսանք բոլորովին այլ քաղաքական և կրոնական մտածողության տեր մարդու: Մենք դատապարտում ենք նրա վարքագիծը», - հայտարարել է Էրդողանը:
Նա վերստին նշել է, թե Թուրքիայի արխիվներն, իբր, բաց են 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման համար, և` որ Հայաստանը նույնպես պետք է բացի իր արխիվները: «Մենք թույլ չենք տա պատմական իրադարձությունները գործիք դարձնել մեր երկրի դեմ արշավների համար», - հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր որակել հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում: Դրանից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանը կանչվել է ԱԳՆ` բացատրություն տալու, իսկ Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել` խորհրդատվության համար: