Արմինֆո.Բրյուսելում հրապարակվել է Արևելյան գործընկերության երկրների համատեղ հռչակագիրը:
«Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են մեծ նշանակությունը, որը տրվում է «Արևելյան գործընկերությանը»՝ որպես եվրոպական հարևանության քաղաքականության հատուկ հարթություն: Նրանք հաստատում են իրենց հավատարմությունն այդ ռազմավարական և հավակնոտ գործընկերությանը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և ըմբռնման, համամասնակցության և պատասխանատվության, փոխադարձ հաշվետվողականության վրա, ինչն Արևելյան Եվրոպայից գործընկեր երկրներին մոտեցնում է Եվրամիությանը»,- ասվում է փաստաթղթում:
Կողմերը մտահոգություն են հայտնել «տարածաշրջանի տարբեր հատվածներում միջազգային իրավունքի սկզբունքների շարունակվող խախտումների» առնչությամբ: «Գագաթնաժողովի մասնակիցները պահանջում են վերականգնել տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումն ու բարիդրացիական հարաբերությունները առանցքային են տնտեսական և սոցիալական զարգացման ու համագործակցության համար: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրամիության մեծացող դերը հակամարտությունների կարգավորման և փոխվստահության կառուցման գործում՝ առկա բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակում կամ դրանց աջակցելով»,- նշվում է փաստաթղթում:
Այսօր Բրյուսելում ընթանում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: ԵՄ անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ քննարկում են հետագա համագործակցությունը: Հայաստանը գագաթնաժողովում ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը: