Արմինֆո. Ռեջեփ Էրդողանը բնավ պատահական չի վերադարձել ղարաբաղյան թեմային` Վլադիմիր Պուտինի հետ Սոչիի բանակցություններից հետո: Իսկ Ղարաբաղի հարցում չպատճառաբանված փոխանակումների գնալու Մոսկվայի ցանկության բացակայությունը բնավ չի նշանակում Անդրկովկասի և սևծովյան տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրության կորուստ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սրգեյ Մարկեդոնովը:
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 13-ի հանդիպման նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր այդ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, ղարաբաղյան խնդրի քննարկման մասին: Էրդողանը ենթադրություն էր հայտնել, որ այդ խնդրի վրա ռուս գործընկերոջ ուշադրության կենտրոնացման դեպքում այն «հեշտ լուծում կստանա»: Թուրքիայի նախագահը համանման կարծիք էր հայտնել նոյեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման նախաշեմին: Սակայն երկու դեպքում էլ ղարաբաղյան խնդիրը պաշտոնապես չի քննարկվել:
Ռուսաստանցի վերլուծաբանը համոզմունք է հայտնել, որ եթե անգամ ղարաբաղյան հարցը կրկին չհայտնվի քննարկվող թեմաների թվում` Պուտինի և Էրդողանի հետագա հանդիպումներում, Ղարաբաղի կարևորությունը ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկայի համար պտք չէ նսեմացնել: Մարկեդոնովն այդ կարծիքը պայմանավորում է Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմավարական դաշնակցությամբ, Թուրքիայի և Վրաստանի ընդհանուր հետաքրքրություններով, եռակողմ հանգույցի ամրապնդմամբ Անկարայի շահագրգռվածությամբ, որը, ի թիվս այլ հանգամանքների, նաև կոչված է նպաստելու Հայաստանի տարածաշրջանային մեկուսացմանը:
«Այդ ամենից զատ, չնայած Անկարայի արտաքին քաղաքական շահերի մերձավորարևելյան շրջադարձին, որը պայմանավորված է «արաբական գարունով՚, Անդրկովկասն ու սևծովյան տարածաշրջանն առաջվա պես պահպանում են իրնց կարևորությունը Թուրքիայի համար: Ավելին, Անկարան պատրաստ է Անդրկովկասում հանկարծական փոփոխություններն օգտագործել որպես սիրիական կարգավորման գործում սեփական դիրքերը բարենպաստ դարձնելու գործիք: Սակայն այդ ամենը բնավ չի տանում Թուրքիայի նախաձեռնությունները հեշտությամբ ընդունելու Մոսկվայի պատրաստակամության: Ավելին, Մոսկվան արդեն դրսևորել է արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերում սեփական կարմիր գծերը պաշտպանելու պատրաստակամություն՚, - համոզված է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, 2015 թվականին բռնելով առճակատման ուղին, Մոսկվան և Անկարան արագ գիտակցեցին, որ, դրանից օգուտ չստանալով, կարող են վնասել սեփական շահերին և երրորդ ուժերի կողմից այդ դիմակայությունն իրենց դեմ օգտագործելու հիանալի առիթ են տալիս: Այդուհանդերձ, նա հնարավոր չի համարում դիմակայություններից զերծ դարաշրջան ակնկալել ռուս-թուրքական հարաբերություններում: Եվ, նույնիսկ, ամենախոստումնալից բիզնես-նախագիծը չի չեղարկի Ղարաբաղի, Ղրիմի կամ Սիրիայի շուրջ Մոսկվայի և Անկարայի տարաձայնությունները: Եվ անգամ ԱՄՆ գերիշխանության չընդունումը, վերլուծաբանի համոզմամբ, ամենևին չի երաշխավորում Անկարայի և Մոսկվայի համաձայնություն միմյանց գերիշխող դիրքերին: