Արմինֆո. Ներկայումս շփման գծում տիրող իրավիճակը Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքում տարիներ ի վեր ձևավորված իրավիճակի հայելային արդյունքն է: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը: «Առաջնային գծի կորուստները հայ զինվորների ցածր տեխնիկական պատրաստվածության կամ տեխնիկական անզորության արդյունքը չէ: Դա իշխող վերնախավի քաղաքական սնանկության արդյունքն է: Եվ եթե մեր քաղաքական պատասխանատուներն ուշքի չգան ու ցույց չտան իրավիճակին համարժեք մոտեցում, Բաքուն կշարունակի իր անպատիժ հարձակումները, և լիովին պարզ կդառնա, թե ով պետք է անձնական պատասխանատվություն կրի զոհերի համար»,-նշել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների Բաքու կատարած այցի նախաշեմին Ադրբեջանը սրեց իրավիճակը շփման գծում: Արդյունքում Արցախի զինված ուժերը կորցրին չորս զինծառայողի: Դրանից հետո, հունիսի 20-ից 21-ի գիշերը թշնամին ձեռնարկեց անհաջող դիվերսիոն հարձակում: Ըստ հունիսի 28-ի տվյալների, որոնք հրչեցրեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, վերջին տասը օրվա ընթացքում հակառակորդը կորցրեց առնվազն 8 զինվոր: Ըստ չհաստատված տվյալների, այդ թիվը շատ ավելի մեծ է:
Վերլուծաբանը գտնում է, որ Ադրբեջանը ձեռք է բերել ագրեսիայի իր ներկայիս անպատժելիության «արտոնյալ » իրավունքը, հետևողական և քրտնաջան քաղաքական և դիվանագիտական աշխատանքի հետևանքով: Եվ Ադրբեջանը կարողացել է օգտագործել մի շարք ազդեցիկ միջազգային հարթակներ, Հայաստանի ճակատին կպցնելով բռնազավթող պետության պիտակը, հատկապես հայկական կողմի բանակցային մոտեցումների քաուսային բնույթի հետևանքով:
«Հիմա Ադրբեջանի ցանկացած ռազմական քայլ արդարացվում է սեփական տարածքը ցանկացած միջոցներով ազատելու իրավունքով: Մինչդեռ, Հայաստանի հակահարվածները զսպվում են միջազգային կամ այլ միջնորդների կողմից: Քաղաքական բեմում գոյություն ունեցող նման արտոնությունը հակառակորդին թույլ է տալիս որոշակի առավելություն ստանալ նաև ռազմի դաշտում, քանի որ այստեղ հենց նա է որոշում, թե երբ, որտեղ և ինչ ուժի կիրառմամբ կիրականացնի մեզ համար ցավալի կորուստներով հղի հերթական հարվածը»,-եզրափակել է վերլուծաբանը: