Արմինֆո. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտին խմբակցությունից հեռացնելու մասին:
Ինչպես Ստրասբուրգից հաղորդել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, Ագրամունտին ԵԺԿ խմբակցությունից հեռացնելու օգտին քվեարկել է 30 պատգամավոր, 3-ը ձեռնպահ է մնացել, դեմ ձայն չի եղել: Նրա ասելով, Ագրամունտին սատարել են միայն ադրբեջանական լոբբի ներկայացուցիչները:
Նախօրեին ընդունվել էին ԵԽԽՎ կանոնադրության ուղղումները, որոնք թույլ են տալիս անվստահություն հայտնել Վեհաժողովի նախագահին, ինչը նախկին կանոնադրությամբ նախատեված չէր:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտն առնչվում է ադրբեջանական լոբբիից կաշառք ստանալու կոռուպցիոն սկանդալին: ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում բարձրացվել էր Ագրամունտի պաշտոնանկության հարցը, սակայն դրա իրական պատճառը ոչ թե կոռուպցիոն սկանդալն էր, այլ այն փաստը, որ նա ռուսական պատվիրակութհյան կազմում մեկնել էր Սիրիա, ինչի համար եվրոպական խորհրդարանականները նրան վերագրել էին աջակցություն Պուտինի և Ասադի ռեժիմին: Ագրամունտն այն ժամանակ պաշտոնանկ չէր արվել, քանի որ ԵԽԽՎ կանոնակարգը նման ընթացակարգ չէր նախատեսում: Իսկ վերջին ուղղումների արդյունքում ԵԽԽՎ արդեն կարող է պաշտոնանկ անել իր նախագահին: