Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել House Resolution 354 բանաձևը, որում ափսոսանք է հայտնվում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների բռնի գործողությունների առնչությամբ:
Բանաձևը նախաձեռնել են Ներկաայցուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը, էլիոթ Էնգելը, խորհրդարանական փոքրամասնության ղեկավար Քևին Մաքքարթնին և դեմոկրատ Սթենի Հոյերը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Մենք ափսոսանք ենք հայտնում այն առնչությամբ, որ Թուրքիայի պաշտոնական անձինք բթամտորեն խախտում են ԱՄՆ քաղաքացիների իրավունքները, իսկ Թուրքիայի պաշտոնական անձանց անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա` նրանց նկատմամբ կիրառելով բռնություն»: Փաստաթղթում նաև նշվում է, որ դա ԱՄՆ-ում Թուրքիայի առաջնորդի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու երրոդ դեպքն է: Կոնգրեսականներն ընդգծում են, որ բոլոր այն թուրք պաշտոնյաները, որոնք մայիսի 16-ին մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց վայրագությանը, պետք է պատիժ կրեն ԱՄՆ օրենքներով: Բանաձևի հեղինակները նաև մտահոգություն են հայտնել Թուրքիայում ամրապնդվող ավտոիտարիզմի առնչությամբ և Վաշինգտոնին կոչ են անում միջոցներ ձեռնարկել այդ երկրում խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության պաշտպանությանն աջակցելու նպատակով:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները բռնություն էին գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում էին Էրդողանի ԱՄՆ այցի դեմ: Ցուցարարների թվում կային քրդեր, եզդիներ, ասորիներ ու հայեր:
Միջադեպը հակազդեցություն է հարուցել ԱՄՆ հասարակաքաղաքական շրջանակներում: Փաստի առնչությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն անթույլատրելի է համարել թուրք իրավապահների գործղությունները և խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների և հայտարարությունների` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչն Անկարա է կանչվել խորհրդատվության համար: