Արմինֆո. Երևանից տարանցվող ռադիոակտիվ սարքավորումը, որն արձանագրվել է Գոմելի օդանավակայանում, փոխադրվել է բոլոր միջազգային կարգավորող փաստաթղթերին և կանոններին համապատասխան: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:
Հիշեցնենք, որ բելառուսական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, մարտի 19-ին, ժամը 12:30-ին «Գոմել» ավիացիոն անցակետ է ժամանել Հայաստանից Բուլղարիա մեկնող բեռնատար ինքնաթիռը: Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի սահմանային վերահսկողության վարչության պետ Օլեգ Լյաշուկի անունից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ փոխադրամիջոցում հայտնաբերվել է արկղ, որի վրա նշված է եղել իոնացման աղբյուր, և անհրաժեշտ ստուգումներից հետո թույլատրվել է բեռի անցկացումը Բելառուսի պետական սահմանով: Ավելի վաղ Հայաստանից Բելառուսով տարանցմամբ Եվրոպա մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին հաղորդել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Սակայն, ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, դեռ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին խորվաթական «Ֆրիդ» ընկերությունը, որին Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառու «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ ընտրել էր որպես կապալառու, Հայաստան էր առաքել ստուգիչ սարքավորում, որը տեղ էր հասցրել բելառուսական JSC Aircompany Grodno ընկերությունը` պարտավորվելով նույն ճանապարհով հետ տանել սարքավորումը:
2017 թվականի մարտի 15-ին բելառուսական ընկերությունը հայտ էր ներկայացրել Երևան-Գոմել երթուղով չվերթ իրականացնելու համար: Ուղեկցող փաստաթղթերում տեղեկատվություն է ներկայացված բեռի բնույթի մասին, որի բովանդակության մասին իրազեկված էին Բելառուսի ավիացիոն իշխանությունները, ինչից հետո չվերթի իրականացման իրավունք էր ստացվել: Նախարարությունում ընդգծել են, որ սարքավորման փոխադրման գործընթացն իրականացվել է տրանսպորտային ընկերության հետ պայմանագրին համապատասխան` կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա, միջազգային բոլոր կարգավորիչ կանոններին համապատասխան:
Հավելենք, որ Հայաստանի և Բելառուսի միջև գործում է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ միջպետական համաձայնագիր, որը նախատեսում է նաև տեղեկատվության փոխանակում:
2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացերլ ԱԷԿ երկրորդ էներգաբլոյի շահագործման ժամկետի երկարաձգման մասին` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձգման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել են աշխատել ԱԷԿ շահագործման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2019 թվականին: Ռուսաստանը Հայաստանին այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել: