Արմինֆո. «Հայկական զինված ուժերը շարունակում են աշխատել հինգ ուղղությամբ, որպեսզի մեր բանակն ամենամարտունակը լինի տարածաշրջանում»,- ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Առաջին ուղղությունը, ինչպես նշել է նախարարը, ԶՈւ արդիականացումն է՝ ինչպես ներմուծման, այնպես էլ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով: «Այսօր մենք ունենք սպառազինություն, որն ամբողջությամբ արտադրված է Հայաստանում: Մենք պետք է զարգացնենք ինչպես մեր ռազմաարդյունաբերական համալիրը, այնպես էլ համագործակցությունը գործընկեր երկրների հետ՝ փոքր միջոցներով մեծ արդյունքների հասնելու և սպառազինման «խելացի ծրագիր» իրականացնելու նպատակով»,- հայտարարել է նախարարը:
Երկրորդ ուղղությունը, ինչպես ընդգծել է նախարարը, զինծառայողների անվտանգության բարձրացումն է՝ շփման գծի ողջ երկայնքով նորագույն հատուկ տեխնիկայի տեղադրման ճանաարհով: «Այդ ծրագիրը շարունակական է լինելու»,- նշել է նա:
Երրորդ ուղղությունը, Սարգսյանի խոսքով, ՊՆ-ում ծառայության գրավչության ավելացումն է: «Արդեն այսօր մենք ամենաբարձր ստարտային աշխատավարձն ենք առաջարկում մեր սպաներին»,- հավաստիացրել է նա:
Նախարարն ուշադրությունը կենտրոնացրել է նաև հայկական զինված ուժերում արդարության ամրապնդման վրա: Վերջում Սարգսյանն ընդգծել է ԶՈւ ծախսերի արդյունավետության բարձրացման կարևորությունը: «Մենք պետք է այնպես անենք, որ որևէ մեկի մոտ այդ առնչությամբ կասկածներ չառաջանան»,- հայտարարել է նա: