Արմինֆո.Մեր արտաքին քաղաքականության, ընդհանուր առմամբ, քաղաքականության հիմնական հարցը ղարաբաղյան հակամարտությունն է, որի կարգավորման ուղղությամբ, դժբախտաբար, առաջընթաց չկա: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Նովրուզի առթիվ համաժողովրդական զվարճության ժամանակ:
Ընդ որում, Ադրբեջանի ղեկավարը կրկին Հայաստանի վրա է բարդել կարգավորման գործում առաջընթացի բացակայության համար մեղքը: «Հայաստանը չի ուզում խաղաղություն, ուզում է պահպանել ստատուս-քվոն, չի ցանկանում դուրս գալ օկուպացված հողերից: Ուստի մենք և միջազգային հանրությունը, միջնորդները պետք է նրանց ստիպենք ազատել օկուպացված տարածքները: Այլ ճանապարհ չկա: Քանի որ Հայաստանը փորձում է բոյկոտել բանակցությունները, իրեն դնում է մեկուսացման մեջ: Միջնորդները, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներն արդեն բացահայտ հայտարարել են, որ շուտով պետք է վերսկսվեն սուբստանտիվ, այսինքն, բովանդակալից բանակցությունները: Ուստի կարծում եմ, որ որքան շուտ Հայատսանը գիտակցի, որ չի կարող պահել ադրբեջանական հողները օկուպացման տակ, այնքան ավելի լավ կլինի նրանց համար: Մենք այս իրավիճակի հետ չենք հաշտվի: Մենք ավելացնում ենք մեր հզորությունը: Ամրապնդում ենք ռազմական ու քաղաքական հզորությունը, մեր միջազգային դիրքը», - ասել է Ալիևը: Նա ընդսմին հավաստիացրել է, նոր Ադրբեջանը վեր է ածվել ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար կարևոր երկրի, մինչդեռ Հհայաստանը կորցրել է ամեն հույս, հայտնվել է դեպրեսիայի մեջ: «Դրա պատճառը քրեական խունտան է, որն ապօրինի ճանապարհով զավթել է իշխանությունը Հայաստանում: Ամենամեծ սպառնալիքը հայ ժողովրդի համար հենց երկրի ներկայիս ղեկավարությունն է: Մենք կշարունակենք ջանք գործադրել: Ես բազմիցս հայտարարել եմ, ցանկանում եմ կրկին ընդգծել. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի քննարկումների առարկա: Լեռնային Ղարաբաղը բուն ադրբեջանական հող է: Մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Իրավիճակը տարածաշրջանում աշխատում է մեր օգտին: Մեր երկրի տնտեսական, ռազմական ներուժը, հասկանալի է, ավելի մեծ է: Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին դա: Ուստի մենք պետք է ավելի հզորանանք, ինչ և անում ենք», - ասել է Ադրբեջանի ղեկավարը: