Արմինֆո. Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կստանա ձայների 60%-ը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսմամբ է հանդես եկել քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Գրիգորյանը գտնում է, որ ընտրական գործընթացները կարող են երեք սցենարով ընթանալ: Առաջին սցենարը ենթադրում է կառավարող կուսակցության հաղթանակը՝ ձայների 60%-ով, ձայների 15%-ը կստանա «Ծառուկյան» դաշինքը, իսկ ՀՅԴ-ն և «Հայկական վերածնունդը»՝ 5%: Ըստ որում, նա գտնում է, որ եթե «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», ինչպես նաև «Ազատ դեմոկրատներ»-«Ազատություն» դաշինքները և Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դասական ընտրարշավ անցկացնեն, դրանցից միայն մեկը խորհրդարան անցնելու հնարավորություն կստանա:
Քաղաքագետի երկրորդ սցենարը ենթադրում է ընդդիմության համախմբում և ագրեսիվ նախընտրական արշավ, որի ընթացքում կբարձրաձայնվեն քաղբանտարկյալների, սոցիալ-տնտեսական բարդ պայմանների, գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիրներ: «Նման դեպքում հասարակությունը նույնպես կհամախմբվի և կկարողանա փոխել իրավիճակը երկրում»,- նշել է նա:
Երրորդ սցենարը նա համարել է հնարավոր «ֆորս մաժորը»՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների սկսմամբ: Այս համատեքստում նրան մտահոգել է այն փաստը, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ ցուցակը և ակտիվորեն մասնակցելու է նախընտրական քարոզարշավին: «Իշխանությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանն ամեն պահի կարող է մարտական գործողություններ սկսել սահմանին»,- ընդգծել է Գրիգորյանը:
ՀՀ ԿԸՀ որոշմամբ, պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին և ավարտվում է մարտի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին՝ ժամը 8:00-20:00: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի ժամը 20:00: Դրանք կլինեն առաջին ընտրությունները` 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի: