Արմինֆո. Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Իհարկե, մեզ չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը, որպես Մինսկի խմբի համանախագահ, շատ ջանքեր է գործադրում, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխհամագործակցությամբ, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար», - ասել է նախարարը։
Ըստ որում, նա նշել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։ «Ինչ վերաբերում է «սպառազինությունների մրցավազքին». Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ սանձազերծել, Հայաստանը չէ, որ պարծենում իր ռազմական բյուջեի թվերով և գնած զենքի քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայամանգրի նորմերը։ Թե ինչի է դա հանգեցնում, ականատես դարձանք անցած տարվա ապրիլին։ Բնականաբար, այդ պայմաններում մենք ստիպված ենք բոլոր ջանքեր գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և նոր սրացումներ, նոր պատերազմ թույլ չտալու համար», - ասել է Նալբանդյանը։