Արմինֆո.Փետրվարի 22-ին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի լայն շրջանակ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Լավրովի հրավերով փետրվարի 21-23-ը Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Փետրվարի 22-ին բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի լայն շրջանակ»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է նաև, որ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են:
Նշվում է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումների ինտենսիվությունը և սերտ համակարգումը ՄԱԿ-ի, ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի ՍՏՀԿ-ի և այլ միավորումների և կազմակերպությունների շրջանակներում: «Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը կողմնորոշված Է դեպի սերտ համագործակցության հետագա զարգացումը քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում»,- նշված է հաղորդագրության մեջ: