Արմինֆո.Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր և անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի Հանրապետության ձայնը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում:
Նրա խոսքով, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ են տանելու մտքի, հռետորության և կամքի ուժով միայն։ «Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու: Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, և այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու։ Եվ իմ իսկ նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, իր համաձայնությամբ, մենք այդ թիմում ներառել ենք նաև մեր հարգարժան գեներալին՝ Մանվել Գրիգորյանին՝ նրա փորձն ու անձնական ունակությունները հաշվի առնելուց բացի նաև որպես ակնառու խորհրդանիշ, որպեսզի վաղը, ովքեր էլ ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, իրենց յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր ելույթի ու քվեարկության ժամանակ, անգամ մի քանի բառանոց ռեպլիկի ժամանակ տեսնեն գեներալի հայացքը, որ մարմնավորումն է ազատամարտի և պարտադրանքն է մեր ապագա հաղթանակների»,- ասել է ՀՀ նախագահը: