Արմինֆո. Եվրոպան պետք է գիտակցի, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ոչնչացնել Հայաստանը: Այդ մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը:
Նրա ասելով, հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում, և Եվրոպան պարտավոր է օգնել նրանց` իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում: Նա նշել է, որ արդեն սպառնալիքներ է ստանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ իր դիրքորոշման առնչությամբ: «Ինձ ուզում են ահաբեկել, քանի որ ես հանդես եմ գալիս հայկական Արցախի օգտին, ի պաշտպանություն հայերի` մահմեդականներից, որոնք արդեն մի անգամ ցեղասպանություն են գործել հայերի հանդեպ», - հայտարարել է լեհ լրագրողը
Մացեյչուկը նաև հայտարարել է Ղարաբաղի հարցի շուրջ հեռուստատեսությամբ հանդես գալու մտադրության մասին: «Ես լեհ եմ, ես երբեք չեմ կանգնի Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին` ընդդեմ Հայաստանի: Լեհ թագավոր Յան III Սոբեսկին ցույց է տվել, թե ինչպես պետք է խոսել Թուրանի հետ, և պետք է շարունակել այդ գիծը», - նշել է նա, հավելելով, որ գործընկերների հետ քննարկել է Արցախի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու հարցը: «Ցանկանում էինք Ղրիմի մասին նկարահանել, բայց կարծես, մեր առաջին համատեղ լեհ-ռուսական նախագիծը կլինի քաղաքակրթությունների պատերազմը Ղարաբաղում, պատերազմ, որտեղ հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնյա աշխարհը մահմեդականներից: Եվրոպան պետք է արթնանա և եզրակացություններ անի. Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր, և Արցախի անկման դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է ավելի արագ գիտակցենք սպառնալիքն ու համարժեք միջոցներ ձեռնարկենք, քաղաքակրթությունների պատերազմ է», - կարծում է լեհ լրագրողը: