Արմինֆո. Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում կզբաղեցնի Սերժ Սարգսյանի կողմից նրա համար պատրաստված տեղը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հունվարի 17-ին տարածած հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը, մասնավորապեսմ նշում է, որ բացում է քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից հետո, երբ որոշել էր անցնել արմատական ընդդիմության ճամբար: Սակայն, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԱրմԻնֆո-ի` նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրները, Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքականություն վերադառնալու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ հետ մեկ դաշինքում համախմբելու շուրջ:
«Ծառուկյանի քաղաքական ռեինկարնացիան բացատրվում է ապրիլյան պատերազմի և հուլիսյան խռովության հետևանքով առաջացած լարվածության թուլացման անհրաժեշտության Հայաստանի իշխանությունների գիտակցմամբ: Այս տրամաբանության շրջանակներում վերադարձած Ծառուկյանը կատարելու է իշխանության կանոններով խաղացող կառուցողական ընդդիմույան գործառույթներ»,- նշել է քաղաքագետը:
Ըստ նրա, Ծառուկյանը պետք է ոչ միայն հանգստացնի բորբոքված կրքերը, այլ իրական ընդդիմությունից «խլի» բողոքական ընտրազանգվածի որոշակի մասը: Մինասյանի կարծիքով, «Բարգավաճ Հայաստանն» ունի դրա համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, առաջին հերթին՝ մասնաճյուղեր մարզերում, ինչպես նաև ֆինանսներ և մարդկային ռեսուրսներ: