Արմինֆո. Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը միջադեպերի ընթացքում զոհերից խուսափելու լավագույն միջոցն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի տեսակետ է հայտնել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը միշտ եղել է այդ մեխանիզմների ներդրման կողմնակից: «Միջադպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը մեր սկզբունքային դիրքորոշումն է, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք», - եզրափակել է Բալայանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 17-ի ասուլիսում անդրադառնալով ապրիլյան մարտական գործողություններին, ընդգծել է, որ 2016 թվականի ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձոթյունները խորը տագնապ են հարուցում: «Ռուսաստանը վճռական դեր խաղաց այն պահին արյունահեղության դադարեցման գործում: 2016 թվականի ապրիլին հակամարտության սրումից հետո Վիեննայի և Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք են բերվել միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման շուրջ պայմանավորվածություններ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, և անմիջականորեն շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու անհրաժեշտության շուրջ պայմանավորվածություն: Հետաքննության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների Աստրախանի հանդիպման ժամանակ: Դժբախտաբար, նույնիսկ դրա համար անհրաժեշտ տարրական բանը` միջադեպերի հետաքննման մեխանիզմը և շփման գծում դիտորդների թվի ավելացումը չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում առայժմ փոխհամաձայնությունն չկա: Նման փոխհամաձայնության բացակայության պատճառի մասին կարելի է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից», - նշել է Լավրովը: Նա նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, արձագանքելով Լավրովի հայտարարությանը, նրբանկատորեն շրջանցել է մեխանիզմների ներդրման հարցը: