Արմինֆո.Բլոգեր Լապշինի կալանավորումը դիտարկվում է բացառապես իրավական հարթությունում, - ԱՊԱ գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամեդյարովը:
«Համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի, Լապշինի նկատմամբ, ով անօրինական հատել է պետական սահմանը, Ադրբեջանի ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ցուցադրելով անհարգալից վերեբերմունք, հարուցվել է քրեական գործ: Նրա նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում Ինտերպոլի գծով: 2002 թվականի Քիշնևի Կոնվերցիայի շրջանակներում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով Բելառուսում կալանավորված Լապշինի արտահանձնման համար ներկայացված են համապատասխան փաստաթղթեր: Ռուսաստանի նկատմամբ նման գործողություններ իրականացրած և պետական սահմանն անօրինական հատած անձի նկատմամբ նույնպես ՌԴ իրավապահ մարմիները կկիրառեին նման քայլեր»,-ընդգծել է Մամեդյարովը:
Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով ձերբակալված ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորումը, նշել է, որ Ռուսաստանը դեմ է լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը: «Մենք դեմ ենք նաև նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք պարոն Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու` ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ էր կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:
Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունում հայտնել են, որ ուսումնասիրում են Լապշինին հանձնելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջը, բայց որևէ որոշում դեռ չի ընդունվել: Բլոգերին արդեն այցելել են Իսրայելի և Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչները: