Արմինֆո. «Ապրիլյան իրադարձությունները և դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ ցույց տվեցին, որ հայկական զորքերի առկայությունը Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանում լարվածության հիմնական աղբյուր է»,- ԱՊԱ-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետությունների ղեկավարների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն անընդունելի է և անկայուն: «Մենք բարձր ենք գնահատում անցած տարվա ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով հանդիպման ժամանակ հրադադարի ձեռքբերման նպատակով Ռուսաստանի գործադրած ջանքերը: Սակայն, ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և հարևան պետություն, պետք է էլ ավելի մեծ ջանքեր գործադրի հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Լիովին համոզված եմ, որ եթե Ռուսաստանն ամենայն լրջությամբ զբաղվի այդ հարցով, ստատուս-քվոն կփոխվի, կվերականգնվի տարածաշրջանի կայունությունը և կապահովվի հայկական զորքերի դուրսբերումը»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը՝ Մամեդյարովն ընդգծել է, որ համաշխարհային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: «Ինչ վերաբերում է խաղաղարար գործընթացին, ապա բանակցային գործընթացը միջազգային հարթակ է՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա հարցի կարգավորման համար: Հակամարտության կարգավորման հետ կապված կան միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա»,- նշել է դիվանագետը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրելու մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեջբերել է երկրի նախագահի խոսքերը. «Մեր պետության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող, սակայն փոխզիջումը կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման հարցերի շուրջ»:
Հունվարի 17-ին Մոսկվայում ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի ամբողջ գործիքակազմ, նախևառաջ, այն որոշումները, որոնք կայացվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին կրակի դադարեցում: «Այն ժամանակվանից ի վեր ուժի մեջ է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, սակայն ոչ մի դեպքում` ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման դեպքում», - նշել էր Ռուսաստանի արտգործնախարարը: