Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն արդեն ինչ-որ աբստրակտ բան չէ և ոչ էլ` բացառապես Ադրբեջանի ներքին գործը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հունվարի 17-ին Մոսկվայում ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հակագործողության դեպքում:
Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի ամբողջ գործիքակազմ, նախևառաջ, այն որոշումները, որոնք կայացվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին կրակի դադարեցում: «Այն ժամանակվանից ի վեր ուժի մեջ է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, սակայն ոչ մի դեպքում` ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման դեպքում», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը: Այդ համատեքստում նա հավելել է, որ այդ ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած և ստորագրած հայտարարություններում և փաստաթղթերում: «Վեճերի խաղաղ կարգավորումն այնտեղ ամրագրված է առանց որևէ երկիմաստության», - ընդգծել է Լավրովը:
Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին` Լավրովն ընդգծել է, որ 2016 թվականի ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձոթյունները խորը տագնապ են հարուցում: «Ռուսաստանը վճռական դեր խաղաց այն պահին արյունահեղության դադարեցման գործում: 2016 թվականի ապրիլին հակամարտության սրումից հետո Վիեննայի և Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք են բերվել միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման շուրջ պայմանավորվածություններ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, և անմիջականորեն շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու անհրաժեշտության շուրջ պայմանավորվածություն:
«Հետաքննության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների Աստրախանի հանդիպման ժամանակ: Դժբախտաբար, նույնիսկ դրա համար անհրաժեշտ տարրական բանը` միջադեպերի հետաքննման մեխանիզմը և շփման գծում դիտորդների թվի ավելացումը չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում առայժմ փոխհամաձայնությունն չկա: Նման փոխհամաձայնության բացակայության պատճառի մասին կարելի է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից», - եզրափակել է Լավրովը: