Արմինֆո. ՀԱՊԿ քարտուղարությունն անթույլատրելի է համարում կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թ. դեկտեմբերի 29-ի հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի առնչությամբ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա լիազորությունները՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, լրացել են 31.12.2016-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խիստ համապատասխան, որն ընդունվել է 2015 թ. դեկտեմբերին Մոսկվայում կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Այդ մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հայտարարության մեջ:
«Վերջին շրջանում ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ, որոնք այնքան էլ օբյեկտիվ բնույթ չունեն, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ մեծ ուշադրություն է դարձվել 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Բորդյուժայի մեկնաբանությանը: ՀԱՊԿ քարտուղարությունն ավելի վաղ պարզաբանել է Բորդյուժայի մեկնաբանության էությունը, որտեղ ուշադրությունը հրավիրվել է այն բանի վրա, որ Կազմակերպության գլխավոր քարտուղարը հատուկ տագնապ և լուրջ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, պետք է նշենք, որ ՀԱՊԿ դիրքորոշումն արտացոլված է Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարության մեջ, որն ընդունվել է 2016 թ. հոկտեմբերի 14-ին Երևանում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն և անշեղորեն հետևում է այդ դիրքորոշմանը»,- նշել է մամուլի քարտուղարը:
Ըստ որում, նա նշել է, որ Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում քարտուղարությունը ղեկավարվում է ՀԱԽ նույն որոշումներով և պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են 2015 թ. դեկտեմբերին Մոսկվայում ՀԱԽ նստաշրջանում, որոնց մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել 3 տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ, Կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիների թվից, ռոտացիոն հիմունքով՝ ռուսական այբուբենի համաձայն նրանց անվանումների կարգով: Նշենք, որ 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Բորդյուժան հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի գործողությունները սադրանք որակելով, իսկ Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանելով, ինչը հարուցել էր Բաքվի վրդովմունքը:
2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: Ավելի վաղ որոշում էր կայացվել երեք տարին մեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով ռոտացիայի մասին` հաշվի առնելով ռուսական այբուբենը: Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, սակայն հարցն օրակարգից հանվեց, նախագահ Սերժ Սարգսյանի ասելով, Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով: Հայաստանի նախագահը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այդ հարցին կվերադառնան տարեվերջին` Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվել է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով: