Արմինֆո.ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 13-ին, ամփոփելով ՀՀ կառավարության գործունեության 100 օրը, հայտարարել է առողջապահության համակարգում արմատական փոփոխությունների մասին:
Վարչապետի խոսքով, հիմնական փոփոխությունները կվերաբերեն պետպատվերի ոլորտին և այդ ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Այսօր, եթե ինչ-որ վիրահատություն, ասենք, արժե 240 հազար դրամ, ապա պետպատվերի շրջանակներում և բնակչության սոցիալապես անապահով խավերի համար այն գնահատվում է107 հազար դրամ: Այստեղ տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր, քանի որ կլինիկան ինքն է որոշում՝ ում ինչ գնով վիրահատել»,- հայտարարել է Կարապետյանը: Նման ռիսկերի վերացման համար ՀՀ կառավարությունը որոշել է դիմել համանման բժշկական մանիպուլյացիաների արժեքի բարձրացման և հավասարեցման: Միաժամանակ վարչապետը նշել է, որ դա կհանգեցնի բյուջեի վրա 11 մլրդ դրամի չափով ծանրաբեռնվածության: Այն ծածկելու համար կառավարությունը որոշակի միջոցառումների արդյունքում կարողացել է կրճատել ծախսերը 9 մլրդ դրամի չափով. մի մասն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսային հոդվածներում, մի մասը՝ Առողջապահության նախարարությունում: 2 մլրդ դրամ դեֆիցիտը գործադիր իշխանությունն ակնկալում է ծածկել 11 մլրդ դրամի շահութահարկի հաշվին»,- ասել է Կարապետյանը:
Ինչպես հայտնել է վարչապետը, արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատում և նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում 2017 թվականին ենթադրվում է ունենալ 1440 հաստիքի կրճատում (որից՝ 330 թափուր) և մոտավորապես 702 միլիոն դրամի խնայողություն։