Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով: Այդ մասին որոշում է կայացվել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, որին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը: Երկարաձգվել է նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բախլերի մանդատը:
Իր ելույթում Կուրցը նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ծառայեն երկխոսության և վստահության ամրապնդմանը: Այսօր զորքերի շփման գծում իրականացվել է այս տարվա առաջին դիտարկումը` Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իմ անձնական ներկայացուցիչը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար Հանս Լամպալցերը կարող են հիմնվել մեր համակողմանի աջակցության վրա: Դրա հետ միասին, մենք ակնկալում ենք, որ հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերը համագործակցելու ցանկություն կդրևորեն»:
Հիշեցնենք, որ Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 1997 թվականի հունվարից: